Halloween party ideas 2015

Երբ Կարեն Կարապետյանը նոր-նոր էր ձևավորում իր կառավարությունը՝ սեփական մարդկանց՝ նախկին գործընկերներին, մանկության ընկերներին, «հալալներին» կառավարության միջուկը դարձնելով, ոչ մեկի մտքով չէր անցնի, որ սրանք այնպես կցնցվեն իրենց կյանքում տեղի ունեցած դրական առաջընթացից ու կընկնեն անվերահսկելի ու ընդարմացնող էյֆորիայի գիրկը, որ կդառնան կատարելապես անվերահսկելի ու անմեղսունակ վարքի տեր մարդիկ՝ չգիտակցելով՝ ինչ են խոսում, երբ են խոսում, ում մասին են խոսում: Ասվածի մի անգերազանցելի օրինակ կարելի է, թերևս, համարել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Ալթունյան Լևոնին, ով, հասկանալի պատճառներով, այժմ աշխատում է առողջապահության նախարար:


Այսպես՝ օրեր առաջ խոսելով հիվանդանոցներում ծննդկանների՝ հաճախակի դարձած մահվան դեպքրի շուրջ, Ալթունյանն ասել էր բառացիորեն հետևյալը. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները: Իմ համակարգն ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Մահվան դեպքում զբաղվում է դատավորը, մորգը…»:

Փաստորեն՝ ինչպես կարելի է ենթադրել Ալթունյանի խոսքերից, վերջինիս համար մարդկային կյանքը գրոշի արժեք իսկ չունի: Փաստորեն՝ նորանշանակն, իրեն «վերին արտի ցորեն» համարելով ու սեփական անձը վեր դասելով հասարակ մահկանացուներից, պարզապես «լայաղ» չի անում ուշադրության տակ առնել հիվանդանոցներում պարբերաբար գրանցվող մահվան դեպքերն ու ներքին հետաքննություն սկսել՝ պարզելու, թե ով ինչում է մեղավոր, թե ում պետք է պատասխանատվության ենթարկել և այլն. մարդը, ժպիտը դեմքին, այդ գործառույթը վստահում է բացառապես իրավապահներին՝ իր պատվից ցածր համարելով այդ թեմայով «լեզու թրջել» լրագրողների հետ: Ճիշտ է՝ ավելի ուշ նա ստիպված եղավ ինչ-որ արդարացումներ փնտրել իր՝ անհեթեթ հայտարարության հետ կապվա՝' հայտարարելով, թե ափսոսում է, որ այլ ենթատեքստում ասված իր խոսքերը սխալ մեկնաբանության տեղիք են տվել, բայց դե ինչպես հասկանալի է, «գնացքն այլևս գնացել էր», իսկ «ջինն էլ լամպից դուրս էր եկել»:

Այն, որ Հայաստանի առողջապահության համակարգն այն քիչ համակարգերից է, որն անմիջական առնչություն ունի մարդու, քաղաքացու կյանքի ու ճակատագրի հետ, խոսում է այն մասին, որ այս ոլորտը գլխավորողը պետք է գոնե մի փոքր ավելի մարդասեր լինի, քան ավելի շատ վարչական աշխատանքի մեջ ներգրավված նախարարությունների ղեկավարները: Հիմա հարց է ծագում՝ որքանո՞վ է Ալթունյանը համապատասխանում այն պաշտոնին, որին միանգամայն արհեստական հիմունքներով նշանակվել է:

Մարդն իր համար իր «Ինգո Արմենիայում» հանգիստ նստած ապահովագրական բիզնեսով էր զբաղվում, ի՞նչ գործ ուներ մի ոլորտի հետ, որից, ըստ էության, շատ քիչ է գլուխ հանում. կրթությամբ բժիշկ-անեսթեզեոլոգ լինելը դեռ ոչինչ չի նշանակում, ու նախարար նշանակել մեկին, ով տեղյակ չէ իր ոլորտի ամենագլխավոր սկզբունքին՝ հումանիզմին, առնվազն անպատասխանատվության աններելի դրսևորում պետք է համարել: Սա՞ է տեխնոկրատների թիմը, որի մասին առավոտից երեկո թմբկահարվում է, սրա՞ք են այն արժեքները, որ դավանում է Կարապատեյանի «գթասիրտ» ու «պրոֆեսիոնալ» թիմը…

Ցավոք, ինչպես պրակտիկան է աներկբայորեն ապացուցում, սպասելիքները, թե Կարապետյանի կառավարությունը իսկական հեղափոխություն է առաջացնելու պետական կառավարման համակարգում, ակնհայտորեն չափազանցված դուրս եկան ու դատարկ, քանի որ լավ կամ վատ մասնագետ լինելուց առաջ հարկավոր է նախ սրտացավորեն վերաբերվել երկրին, դրա քաղաքացիներին՝ յուրաքանչյուր մեկի ցավն ու խնդիրը համարելով սեփականը, հետ միայն պարծենալ ունեցած դիպլոմներով, աշխատանքային փորձով և այլն՝ բաներ, որոնցով ակնհայտրոեն չի կարող գլուխ գովալ Ալթունյանը…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Отправить комментарий

Технологии Blogger.

Powered by themekiller.com